ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում ԱՄՆ կրթական փոխանակման ծրագրերի շրջանավարտների ցանցի ամրապնդման նպատակով նոր փոխգործակցություն է սկսում «Ամերիկյան խորհուրդների» հետ

Երևան, 11 ապրիլի, 2024թ․ - ԱՄՆ դեսպանությունը սկսում է նոր երկամյա փոխգործակցության ծրագիր «Ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության հետ, որը միտված է  ԱՄՆ կրթական փոխանակման ծրագրերի շրջանավարտների հայաստանյան ցանցում համագործակցության ու մասնագիտական կատարելագործման հնարավորությունների ընդլայնմանը։

Շրջանավարտների ներգրավման ծրագիրը կօգնի ամրապնդել կապերն ու այն ներդրումները, որոնք ԱՄՆ ծրագրերի շրջանավարտներն ունենում են երկրի կյանքում։ Բազմաբաղադրիչ այս նախաձեռնության շրջանակում կկազմակերպվեն ցանցի ձևավորման ու մասնագիտական կատարելագործման ամենամյա համաժողովներ, ընդ որում՝ առաջին այդպիսի համաժողովը տեղի կունենա ս․թ մայիսի 24-26-ին Երևանում «ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտները միավորվում են հանուն առաջընթացի Հայաստանում» խորագրի ներքո։ Բացի այդ,  կկազմակերպվեն շրջանավարտների գերազանց ձեռքբերումները նշանավորող մրցանակաբաշխություններ, ինչպես նաև շատ շուտով կմեկնարկի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագիրը, որը կաջակցի Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը նպաստող քաղաքացիական մասնակցության ծրագրերի իրականացմանը։

«Շրջանավարտների հետ կապերի պահպանման այս ծրագիրը թույլ կտա նպաստել շրջանավարտների դինամիկ համայնքի կայացմանը, կօգնի Հայաստանի աճին և կամրապնդի կրթական փոխանակման ծրագրերի ընթացքում ձևավորված կուռ կապերը Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև», - ասաց ԱՄՆ դեսպանության հանրային կապերի գրասենյակի տնօրեն Ջեն ՄքԷնդրյուն։

ԱՄՆ կառավարության հովանավորած կրթական և մշակութային փոխանակման ծրագրերի հայաստանյան մասնակիցների թիվն այս պահին գերազանցում է 5․000-ը։ Փոխանակման ավելի քան 30 նախաձեռնությունների շրջանակում Միացյալ Նահանգներ են ուղևորվել մասնակիցներ ամենատարբեր օղակներից՝ ավագ դպրոցի աշակերտներից  (ՖԼԵՔՍ  ծրագրով) սկսած մինչև Ազգային ժողովի պատգամավորներ («Բաց աշխարհի» ծրագիր)՝ ի ցույց դնելով հայ և ամերիկացի ժողովուրդների ամուր կապերը՝ իրենց ողջ խորությամբ ու ընդգրկմամբ։

Հայաստանյան շրջանավարտների աջակցության և ներգրավման ծրագիրը (A2SE) ԱՄՆ պետքարտուղարության նախաձեռնություններից է, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության համատեղ ջանքերով։

Մանրամասների համար տես՝ https://armenia.americancouncils.org/usg-alumni-en։

Հարցերի դեպքում կարող եք դիմել ծրագրերի համակարգող Անուշ Արսենյանին, էլ․ փոստ՝ alumni.am@americancouncils.org։

Previous
Previous

Միջազգային Համայնքային Զարգացման Մրցանակ

Next
Next

PFP 2025 Հայտադիմումների ընդունումը արդեն բաց է։